Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը բացասաբար Է ազդում ԱՊՀ-ի երկրների վրա. Fitch

Armenpress 12:23, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը զգալի բացասական ազդեցություն Է գործում ԱՊՀ-ի երկրների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Fitch միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի կտրուկ դանդաղումը զգալի ցնցում Է ԱՊՀ-ի մյուս պետությունների տնտեսության համար, բայց այդ երկրների վարկունակության վրա ազդեցությունն Էականորեն տարբերվում Է»,-հաղորդվում Է գործակալության մամուլի տեղեկագրում:

Ռուսաստանի տնտեսական իրադրությունը անմիջական ազդեցություն Է գործում ԱՊՀ-ի այն երկրների վրա, որոնց հետ ՌԴ-ն տնտեսական սերտ կապեր ունի առեւտրի, դրամական փոխանցումների եւ ներդրումային հոսքերի առումով, բացատրում են վերլուծաբանները: «Անուղղակիորեն ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը կարեւոր գործոն դարձավ տարածաշրջանների արժույթների զգալի սրբագրումների համար»,-նշել Է Fitch-ը: Ռուսական ռուբլու դեւալվացիայի ազդեցությունն զգացել են նաեւ Ղազախստանն ու Ադրբեջանը: «Մենք գտնում ենք՝ բարձր Է այն բանի հավանականությունը, որ Ղազախստանը նույնպես կարող Է դեւալվացնել ազգային արժույթը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը Հայաստանի ապրանքների արտահանման հիմնական շուկան Է եւ ուղղակի օտարերկրյա ներդրումների եւ հայկական կողմի դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը: Ուստի, ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա:

Fitch-ի տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսական իրադրության փոփոխություններին ամենաքիչը ենթարկված Է Վրաստանը: «Թե Հայաստանը, թե Վրաստանը իրենց արժույթների լողացող փոխարժեք են սահմանել՝ դրանով իսկ ապահովելով արժութային պահուստների ամորտիզացիան եւ պահպանումը»,-հավելել են վերլուծաբանները:

Նրանք այն կարծիքին են, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի սերտ տնտեսական կապերի խախտվելը Ուկրաինայի կտրուկ տնտեսական անկման պատճառ Է դարձել: «Ուկրաինան ԱՊՀ-ի երկրորդ երկիրն Է, որն առավել մեծ չափով Է ենթարկված Ռուսաստանի տնտեսության տատանումներին՝ նույնիսկ առանց ընթացիկ հակամարտության ազդեցության եւ առեւտրական սահմանափակումների հաշվառման»,-ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am