Գեղարքունիքը եւ Երեւանի Նոր Նորքի վարչական շրջանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Armenpress 19:08, 4 Մարտ, 2015

ԳԱՎԱՌ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի միջեւ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակակնության հետ կապերի բաժնից, Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Հուշագրի ստորագրմանը ներկա էին երկու կողմերի ղեկավարների տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:

Ըստ ստորագրված հուշագրի՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին  համագործակցել տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, բնապահպանության, տուրիզմի, սոցիալական ապահովության եւ առողջապահության բնագավառներում: Կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն գործնական համագործակցության զարգացման համար, կիրականացնեն համատեղ ծրագրեր, կմասնակցեն հուշագրի իրականացման աշխատանքներին, երկուստեք կազմակերպվող հանդիպումներին, քննարկումներին և միջոցառումներին: 

«Մենք պատրաստակամ ենք  շարունակելու ստեղծված  ավանդույթը եւ ավելի բազմակողմանի  համագործակցություն  ծավալելու: Ես  համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում  այս համագործակցությունը կլինի արդյունավետ ու շոշափելի»- իր խոսքում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: 

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ողջունեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ  համագործակցության արդյունքը պետք է տեսնել ոչ միայն ոլորտների,  այլ նաև  Գեղարքունիքի մարզի եւ Նոր Նորք վարչական շրջանի  բնակիչների միջեւ:   «Հուշագիրը մեզ համար ուղեցույց կլինի, սակայն մենք  ըստ անհրաժեշտության  պետք է  նաեւ համագործակցենք հուշագրից դուրս, մեր նոր նախաձեռնություններով ու  մտահղացումներով, որպեսզի այն լինի փոխշահավետ, բովանդակային  եւ տեսանելի: Մեր համագործակցությունը մենք պետք է ցույց տանք մեր աշխատանքով» - ավելացրեց Գեղարքունիքի մարզպետը:  Կողմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am