Ճամբարակի առողջապահության կենտրոնը կառուցող կազմակերպությունը կփոխվի

Armenpress 22:00, 3 Մարտ, 2015

ԳԱՎԱՌ,3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի առողջապահության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները կշարունակի նոր շինարարական կազմակերպություն, որը կհայտարարվի առաջիկայում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` առողջապահության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող «Էյ Ջի Քնթրաքշն» ընկերության հետ արդեն խզվել է գործող պայմանագիրը, ինչը Ճամբարակի առողջապահության կենտրոնում հաստատեց ՀՀ Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ներկայացուցիչը, հայտարարելով, որ շուտով պայմանագիր կկնքվի շինարարական մեկ այլ կազմակերպության հետ, եւ հիմնանորոգման աշխատանքները կշարունակվեն արագ տեմպերով:

Ճամբարակի առողջապահական կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանն էլ հաստատեց, որ շինարարության ձգձգման եւ շինարարության ավարտի սահմանված ժամկետների ուշացման պայմաններում, կատարվել է շինարարական աշխատանքների մոտ վաթսուն տոկոսը: «Մնացել է ավարտել շենքի ներքին հարդարման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները: Կարծում եմ, որ մինչեւ այս տարվա օգոստոս Ճամբարակի բնակչությունը, ՀՀ կառավարության աջակցությամբ, կունենա հիմնանորոգված եւ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած առողջապահական հաստատություն»,-հավաստեց բուժհաստատության տնօրենը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am