Արցախում տեքստիլ արտադրության զարգացման համար ուսումնասիրվում է Չինաստանի փորձը

Armenpress 18:40, 3 Մարտ, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կտորեղենի արտադրությամբ զբաղվող «Սանդերք» ընկերությունն իր գործունեության տեսակով առայժմ միակն է Արցախում: Ընկերության տնօրեն Կարեն Չիրկինը, խոսելով արտադրության ծավալների մասին, նշեց, որ ամսական արտադրվում է 5 տեսակի մոտ 10 տոննա բամբակյա կտորողեն, որի համար անհրաժեշտ հումքը ներկրվում է Միջին Ասիայից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ն, այժմ ֆաբրիկայում շահագործվում է 48 հաստոց, իսկ կարի արտադրամասի մեկ ամսից նախատեսված  բացմամբ ևս 6-10 հաստոցներ կավելացվեն: Նախորդ  տարի «Սանդերք» ընկերությունն ընդլայնել է արտադրանքի իրացման շուկան  և երևանյան որոշ ընկերությունների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում` արտադրանքի զգալի մասն իրացրել է Երևանում: «Նախորդ տարվա համեմատ ավելացել են կտորեղենի արտադրման ծավալները, ինչը հիմնականում պայմանավորված է պատվերների քանակով: Մեր հիմնական պատվիրատուն ԼՂՀ Պաշտպանության բանակն է, սակայն կարում ենք նաև բանվորական արտահագուստներ` տեղական տարբեր կազմակերպությունների համար: Պատվերներ ունենք նաև առողջապահության նախարարությունից: Մեր արտադրանքի  զգալի մասն էլ շուկայականից 2 անգամ ցածր գներով վաճառքի է հանվում տեղում: Բարձրորակ գործվածքի մեջ օգտագործում ենք բացառապես բամբակ»,- մանրամասնեց  ընկերության տնօրենը:

Նա հավելեց, որ արտասահմանյան շուկա դուրս գալու համար անհրաժեշտություն կա կատարելագործելու գործվածքի որակյալ ներկումը: «Առաջին հերթին կարիք կա տեղում ունենալ ներկատուն, քանի որ առայժմ արցախյան արտադրության կտորեղենի ներկումն իրականացվում է  Գյումրիում: Այդ նպատակով ընկերության երկու աշխատակիցներ գործուղվել են Չինաստան՝ ուսումնասիրելու տեքստիլ արտադրության ձեռնարկությունների համապատասխան փորձը: Արդյունքում` չինացի մասնագետների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ներկատուն բերվեն և տեղադրվեն ժամանակակից սարքավորումներ»,- ասաց նա:

 Ներկայում կտորեղենի մշակման և արտադրության ֆաբրիկան ունի 48 հիմնական աշխատող՝ ամսական 90 հազար դրամ միջին աշխատավարձով: Տնօրենի խոսքով` կարի արտադրամասի բացումից հետո ևս 6 աշխատատեղ կավելանա, իսկ նոր պատվերների ու դրանցով պայմանավորված արտադրության ծավալների մեծացման դեպքում՝ նախատեսվում է աշխատատեղերի համալրում 13 պայմանագրային աշխատողներով: Ընկերությունում ուշադրության կենտրոնում է պահվում մասնագետների կատարելագործման հանգամանքը, ինչի շրջանակներում «Սանդերք» ընկերության 2 աշխատակիցներ ընդունվել և հեռակա կարգով սովորում են Մոսկվայի տեքստիլ համալսարանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am