Ծաղկունքի եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սումգայիթում ցեղասպանված հայերի

Armenpress 13:44, 2 Մարտ, 2015

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագի ընթացքում կատարվեց նաեւ Սումգայիթում ցեղասպանված հայերի հիշատակին հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:

«1988 թվականի փետրվարի վերջերին եւ մարտի սկզբներին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործությունները կատարվեցին ազգային հողի վրա եւ պետական բարձր հովանու ներքո, որը ոչ մի տեղ, ոչ մի ժամանակ չպետք է մոռացվի, որը միշտ պետք է հիշատակվի ու դատապարտվի: Խնկարկում ենք Սումգայիթում ցեղասպանվածների հիշատակը եւ կոչ ենք անում ազգային համախմբման՝ ընդդեմ Հայոց ցեղասպանությունը գործադրողների եւ ուրացողների, հանուն՝ ազգային ոգու զորացման, ստեղծագործ աշխատանքի»,-ներկաներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:

Ինչպես հաստատեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից՝ Սումգայիթի ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ ընտանիքներ վերաբնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում՝ իրենց վերքերն ամոքելով հայրենի հողում: Նույն աղբյուրի հավաստամամբ՝ Սումգայիթում ցեղասպանված հայերի հիշատակը ոգեկոչվել է հանրակրթական դպրոցներում կազմակերպված միջոցառումների ընթացքում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am