Սեյրան Օհանյանը սպաներին և զինվորներին հորդորել է պարտքի մեծ զգացումով մոտենալ ծառայությանը

Armenpress 14:58, 28 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ,  28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում:

Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի պատրաստվածությանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին, հետաքրքրվել է պարապմունքների անցկացման ժամանակացույցով, զինվորների պարտականությունների իմացությամբ:

Դիմելով սպաներին և զինվորներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հորդորել է մշտապես գիտակցաբար և պարտքի մեծ զգացումով մոտենալ ծառայությանը, քանի որ յուրանքանչյուրի անհատական հատկանիշների հանրագումարից է ձևավորվում զինված ուժերի մարտունակությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am