Գագիկ Բեգլարյանը կարևորել է Երևան-Էրբիլ չվերթը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով

Armenpress 19:20, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդիին և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Երևան էին ժամանել փետրվարի 26-ին առաջին անգամ կայացած Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, փետրվարի 27-ի առավոտյան տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ պատվիրակությունը եղել է Ծիծեռնակաբերդի բարձունքում, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և մեկ րոպե լռությամբ հարգել  20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել ցուցադրված նյութերին: Այնուհետև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ նախարարը կարևորել է իրաքցի գործընկերոջ այցը Հայաստան՝ Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթով, որպես տրանսպորտի ոլորտում հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման կարևոր քայլ:

Շնորհակալություն հայտնելով Գագիկ Բեգլարյանին ջերմ ընդունելության համար՝ Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդին շեշտել է, որ Բաղդադ-Երևան-Էրբիլ ուղիղ չվերթի մեկնարկով նոր հնարավորություններ են բացվում երկու երկրների առևտրաշրջանառության, ուղևորափոխադրումների և գործընկերային հարաբերությունների զարգացման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am