Լոռիում և Արարատում բոտուլիզմի 2 դեպք է արձանարգվել

Armenpress 15:57, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ: 

Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են: Նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: 

Ներկայում հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափե´լ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´լ ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´լ բժշկի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am