Տիգրան Սարգսյանն ու կոնգրեսական Ռոբերտ Դոլդը քննարկել են Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը

Armenpress 15:02, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և ամենայն հաջողություն մաղթել իր պատրականությունների իրականացման գործում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով Հանձնախմբի դերակատարությանը: Դեսպան Սարգսյանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվել է ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am