Դինքի գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել

Armenpress 14:39, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Անկարայում ձերբակալվել է Տրապիզոնի անվտանգության նահանգային վարչության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Ձերբակալությունն իրականացրել է Անկարայի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքը: Համապատասխան բուժզննումն անցնելուց հետո` Աքյուրեքը տեղափոխվելու է Ստամբուլ:

Ստամբուլի  «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջեւ կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած  9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջալալեդդին Ջեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ  որշումներ են ընդունվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am