Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին տրամադրվել է հանրային պաշտպան

Armenpress 22:12, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանը, Լուսինե Ավետիսյանը և Ռիտա Պետրոսյանը դիմել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրելու հարցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի 30.01.2015թ. որոշմամբ տուժողների իրավահաջորդներ Եգոր Ադամյանին, Լուսինե Ավետիսյանին և Ռիտա Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան։ 

Հաշվի առնելով փաստաբանների արձագանքները տուժողների իրավահաջորդներին պաշտպանելու հարցում, մյուս իրավահաջորդների շահերի պաշտպանությունը կկազմակերպվի կամավոր հիմունքներով ներգրավվող փաստաբանների միջոցով։ 

Վերոհիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ապահովելու է մեղադրյալի և տուժողների իրավահաջորդների հանրային պաշտպանների աշխատանքային անկախությունը և ազատությունը՝ շահերի բախումների հնարավորությունը բացառելու նպատակով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am