Ֆիլոքսերայով այգիները կոչնչացվեն, իսկ այգետերերը փոխհատուցում կստանան

Armenpress 19:16, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտի 5 համայնքների 10 հա հողատարածքները, որտեղ հայտնաբերվել է խաղողի վազի ֆիլոքսերա հիվանդությունը, կոչնչացվեն: Այս մասին Արմավիրի մարզում գյուղապետերի և գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա վստահեցրեց, որ այդ այգիների տերերը կստանան փոխհատուցում: «Ֆիլոքսերայով վարակված այգիների ոչնչացումից հետո 3 տարի չի կարելի գյուղատնտեսական նպատակներով շահագործել այդ տարածքները: Այդ ժամանակահատվածում այգետերերը փոխհատուցում կստանան կառավարության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարապետյանը:

Գյուղատնտեության նախարարը նշեց, որ նախորդ տարի մարզում արտադրվել է 10 հազար տոննա խաղող, որի զգալի մասը եղել է սեղանի սորտերի: «Այդ տեսակի խաղողները ունեն արտահանման ներուժ և պահանջված են Եվրասիական տնտեսական միության տարածքում: Մենք նաև ծրագիր ենք սկսել, որով հատուկ տնկարաններում կաճեցնենք նման սորտեր, որոնք նաև ֆիլոքսերազերծ կլինեն»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` մարզի վարելահողերի 77.2 տոկոսը մշակվում են, այնինչ հանրապետությունում այդ ցուցանիշը միջինում 72 տոկոս է: «Այս տարի ցանկանում ենք մշակվող հողատարածքների քանակը ավելացնել ևս 2300 հեկտարով: Ցանկալի կլինի, որ ավելացվեն նաև հացահատիկային մշակաբույսերի դաշտերը: Նախորդ տարի մեր հանրապետությունում արտադրվել է  333 հազար տոննա ցորեն, որը բավարարում է բնակչության պահանջարկի շուրջ 51  տոկոսը: Այդ թիվը մինչև 2020 թվականը ցանկանում ենք հասցնել 60 տոկոսի, իսկ դրանից ավելի չենք կարող, քանի որ հողային  ռեսուրսները չեն բավարարում»,- տեղեկացրեց նա:

Սերգո Կարապետյանը հավելեց, որ Արմավիրի մարզը  բոլոր ցուցանիշներով գերազանցել է նախորդ տարիների արդյունքը` բացառությամբ պտղի արտադրության, որը պայմանավորված էր գարնան ամիսներին տեղի ունեցած ցրտահարությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am