Դեսպան Ղազարյանը հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին

Armenpress 17:24, 28 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն այցելել է Հռոմի հրեական սինագոգ և դեսպանության անունից ծաղկեպսակ տեղադրել՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իտալիայում հրեական համայնքի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը կարևորել է երկու ժողովուրդների վճռական պայքարը ցեղասպանությունների հարցում անտարբերության, երեսպաշտության և ժխտողականության դեմ: Նա նշել է, որ զոհերի և վերապրածների ժառանգների առաքելությունն ու բարոյական պարտականությունն է միավորվել՝ նոր ցեղասպանությունների և ժխտողականության դեմ պայքարելու նպատակով: Նա նկատել է, որ ցեղասպանության ոճրագործությունը հերքողները նույնքան հանցավոր են, որքան այն իրականացնողները:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձին` դեսպանը մեջբերել է Նախագահի խոսքերը, որ զոհերի ոգեկոչումն ու նման ոճրագործությունների դատապարտումն անհրաժեշտ են հետագա ցեղասպանություններից խուսափելու համար, և որ պետական մակարդակով ժխտողականությունը «հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ»: Իտալիայի հրեական համայնքի ղեկավար ներկայացուցիչներն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am