ՀՀ Զինված ուժերում բժշկությունը բարձր մակարդակի վրա է

Armenpress 17:15, 28 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բժշկությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը, ով ՀՀ Նախագահի կողմից Բանակի օրվա կապակցությամբ պարգևատրվել է Հերացու անվան մեդալով: «Անցած 23 տարիների ընթացքում բավականին մեծ առաջընթաց ենք ապրել: Բոլոր մասնագետները շատ լավ պատրաստված են: Մասնագետներ պատրաստելու գործընթացը շարունակվում է: Նրանք վերապատրաստվում են տարբեր երկրների առաջատար կլինիկաներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Ասատուրյանը՝ վստահեցնելով, որ իրենք լիովին կարողանում են կատարել իրենց առջև դրված մասնագիտական և մարտական խնդիրները: 

Արամ Ասատուրյանը նաև նշեց, որ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ բոլոր ժամկետային զինծառայողներն անցնում են ռազմաբժշկական տեսական և գործնական դասընթացներ: «Ամեն ինչ կազմակերպվում է ժամանակին, և մեր զինծառայողները տիրապետում են առաջին բուժօգնության հիմունքներին: Նրանք նաև պատրաստ են քաղաքացիական կյանքում կիրառել բանակում ձեռք բերած գիտելիքները»,- վստահեցրեց Ասատուրյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am