ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ուղերձ է հղել Հայոց Բանակի օրվա առթիվ

Armenpress 16:15, 28 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձով է հանդես եկել Հայոց Բանակի օրվա  առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում ասված է.

«1992թ. հունվարի 28-ին, ուղիղ քսաներեք տարի առաջ, պատմական որոշումով ազդարարվեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հայոց բանակն ու  Հայոց պետականությունն իրենց կայացման ճանապարհին դժվար փորձություններ  անցան, լրջագույն մարտահրավերներ դիմագրավեցին և շարունակում են դիմագրավել։

Հայոց Բանակի 23-րդ տարեդարձն է այսօր: Ու, չնայած իր «երիտասարդ» տարիքին, Հայկական բանակը  մարտունակ է, ուժեղ ու կայացած. իրավամբ,  այն  մեր անկախության ամենամեծ նվաճումն է ու երաշխավորը։ Բանակ, որ Հայրենիքի անկախության ու ազատության համար սեփական որդիների թափած թանկ արյամբ է զորավոր, բանակ, որ հաղթանակ ու խաղաղություն է պարգևում մեզ, բանակ, որ սնում է մեր արժանապատիվ գոյությունը, կերտում Հայրենիք ու պետականություն։

Շնորհավոր տոնդ, Հայ Զինվոր. դու սահման ես պահում, նույնն է թե՝ Հայրենիք կամ սեփական օջախ։ Քո նվիրումով, արիությամբ ու  անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը, քո կամքով են կոփվում մեր երկրի հաղթանակները, ազատ ու միացյալ Հայրենիքի տեսլականը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին նվիրական այս տոնի կապակցությամբ՝ համոզումով, որ մեր հավաքական սերն ու երախտագիտությունը վայելող Հայոց Բանակը կշարունակի լինել Հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի անդորրի ու անխոցելի սահմանի պահապանը»։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am