ԵԱՀԿ-ն պետք է հետաքննական մեխանիզմ ձևավորի. Սեյրան Օհանյան

Armenpress 17:09, 27 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմի ձեւավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում հրադադարի ռեժիմի կանոնների պահպանմամբ: Դա նշանակում է, որ բոլոր տիպի կրակոցները պետք է  դադարեցվեն, դիպուկահարները հետ քաշվեն, ձեւավորվի հետաքննական մեխանիզմ: Տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Օհանյանը կարեւորում է, որ ձևավորվեն հետաքննական մեխանիզմներ, հստակեցվի, թե որ կողմն է խախտում հրադադարը և համաձայնագիրը խախտող կողմը դատապարտվի:

«Որպես ռազմական կառույցի ղեկավար՝ գտնում եմ, որ հետաքննական մեխանիզմների ձևավորումն է, որ պետք է հստակ որոշի, թե որ կողմն է խախտում, որպեսզի դատապարտում լինի այն կողմին, որը խախտում է արել: Այս առումով Մինսկի խումբն, անշուշտ, անելիք ունի: Եթե դա չկա, ապա զսպման մեխանիզմը հայկական զինուժի հստակ գործողություններն են»,- հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպմանն ասաց նա` միաժամանակ շեշտելով, որ երկխոսությունը հայկական կողմն առաջնային է համարում, սակայն դրա համար պետք է անհրաժեշտ մթնոլորտ ստեղծվի բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու համար:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձեւաչափով տարվող բանակցություններին եւ դրանք Մինսկի գործընթացի շրջանակներում ընթանալու պայմանավորվածություններին, Ադրբեջանը` խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների եւ բանակցային գործընթացը խոչընդոտող եւ քարոզչական նպատակներ հետապնդող զուգահեռ գործընթացներ է նախաձեռնում մասնավորապես ՄԱԿ ԳԱ-ում եւ Եվրոպայի խորհրդում:

Ադրբեջանի վարած ռազմատենչ ագրեսիվ քարոզչությունը եւս կասկածի տակ է դնում փոխզիջումային կարգավորման հասնելու Ադրբեջանի ցանկությունը, հայտարարությունները, ստանձնած հանձնառություններն ու դրանց լրջությունը: Ադրբեջանը նավթային եկամուտներից ստացված գումարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը եւ մեծ քանակությամբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերմանը` կոպտորեն ոտնահարելով անվտանգության եւ ռազմաքաղաքական ոլորտի մի շարք համաձայնագրեր եւ պարտավորություններ: Ըստ էության, Ադրբեջանը տապալում է նաեւ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված տնտեսական, քաղաքական, ռազմական եւ հումանիտար բնույթի բոլոր նախաձեռնությունները: Մասնավորապես Ադրբեջանը մերժում է տարածաշրջանային համագործակցություն ծավալելու հայկական կողմի եւ շփման գծից դիպուկահարների հետքաշման Մինսկի խմբի համանախագահների կատարած առաջարկությունները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am