Ադրբեջանցի դիվերսանտը ցանկանում է դիմել ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով

Armenpress 13:23, 24 Հունվար, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-­դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչեւ հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար: «Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը:

Անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար, ցմահ և 22 տարվա ազատազրկման:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am