Գյումրու քաղաքապետը ռուսական զորքերի պատասխանատուներին առաջարկել է ուժեղացնել կարգապահական ռեժիմը

Armenpress 19:10, 18 Հունվար, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում  հունվարի 18-ին տեղի է ունեցել   փակ խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը, հանդիպման օրակարգում Գյումրիում առաջացած լարվածության թուլացման, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու գործողություններին  ուղղված հարցերն էին: Ռուսական կողմին առաջարկվեց ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:

Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am