ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի մայրական և մանկամահացության ցուցանիշն ամենացածրերից է

Armenpress 17:35, 25 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մայրական և մանկական մահացության ցուցանիշով ցածր ռիսկայնության գոտում կհայտնվի ներկայիս նվազման միտումների դեպքում: Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով առողջապահական ոլորտի ձեռբերումներին:

«Հիմնական առողջապահական ցուցանիշները պայմանավորվում են մի քանի գործոններով. առաջինը` կյանքի միջին տևողությունն է, որի վրա ուղղակի ազդեցություն է թողնում մահացության ցուցանիշը: Հայաստանն այդ ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում համարվում է լավագույններից մեկը: Կանանց կյանքի միջին տևողությունը 77 տարի է, տղամարդկանցը` 71.5: Հաջորդը` մանկական և մայրական մահացության ցուցանիշն է, որի դեպքում ևս նվազման միտում կա: Մենք մտնում ենք ցածր ռիսկի գոտի, եթե այս միտումները շարունակվեն: Համեմատելի երկրների հետ համեմատ` Հայաստանն իր ցուցանիշներով գտնվում է լավագույն տեղում»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով` բնակչության առողջության մակարդակի մասին է վկայում նաև իմունոկանխարգելման ցուցանիշը, որը ևս բարվոք է: «Ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունը մեզ մոտ մեկ տոկոսից ցածր է: Այս տարի առաջին ագամ քաղաքացիական միջավայրում իրականացվեց իմունացման` այսինքն` պատվաստումների ծրագիրը զորակոչիկների համար: Նախորդ տարիներին այն իրականացվում էր հավաքագրման կետերում, այս տարի անցկացվեց առաջնային բուժօգնության օղակում` այսինքն` իրենց պոլիկլինիկաներում, ինչը թույլ տվեց  հսկողություն սահմանել` խուսափելով բարդություններից»,- հայտնեց նախարարը:

Դեկտեմբերի 25-ին կայացավ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տարեվերջյան ասուլիսը, որի ժամանակ նախարարը անդրադարձավ առողջապահության ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, խոսեց առաջիկա ծրագրերի մասին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am