Հայաստանի երեք լավագույն բուհերն են ԵՊՀ-ն, Ամերիկյան համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը

Armenpress 12:46, 25 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱն, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող տարում երեք առաջատար բուհերն են ճանաչվել ԵՊՀ-ն, Ամերիկյան համալսարանը և Երևանի պետական բժշկական համալսարանը: Այս մասին դեկտեմբերի 25-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկված բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման համակարգի ցուցանիշների ամփոփման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հաշվի առնելով տարաբնույթ բուհական առանձնահատկույուններ` վարկանիշային ցուցակը բաժանված է 6 խմբի՝ ըստ կրթական աստիճանների և մասնագիտությունների, որոնց հիման վրա աշխատում են բուհերը:

Ամենախոշոր և պատվաբեր խմբում տեղ են գտել երեքից ավելի մասնագիտական ոլորտներով և երեք կրթական աստիճաններով ուսուցանող բուհերը՝ ԵՊՀ-ն, Հայ-ռուսական սլավոնական համալսարանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Երկրորդ խմբում ըդգրկվել են մինչև երեք կրթական մասնագիտական կրթություն ապահովող բուհրը, որտեղ առաջատարներից են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, Պետական տնտեսագիտկան համալսարանը և Պետական ագրարային համալսարանը: Միայն բակալավրական և մագիստրոսական կրթություն ապահովող  համալսարանների շարքում այս տարի առաջատարներից են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Գավառի պետական համալսարանը, որն ունի մեծ առաջընթաց և ակտիվ է եղել միջազգայնացման չափանիշներում և Գյումրիի «Պրոգրես» համալսարանը: Ոչ պետական բուհերի շարքում այս տարի առաջատարներից են Անանիա Շիրակացու անվան միջազգային հարաբերությունների համալսարանը, Ասպատ-Երևան վետարան դատական փորձագիտության համալսարանը: Առանձին ենթախմբում դասված արվեստի բուհերի շարքում առաջատար են Գեղարվեստի պետական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

«Այսուհետև այս համակարգի հիման վրա հասարակությանը ամեն տարի տալու ենք մեր բուհերի օբյեկտիվ պատկերը: Սա նաև լավ հիմք է մեր բուհերին, որպեսզի իրենք ուսումնասիրեն իրենց ուժեղ և թույլ կողմերը՝ հասկանալու թե որտեղ են անհրաժեշտ հավելյալ ջանքեր և համադրելու սեփական տեղը Հայաստանի բուհերի ցանցի մեջ՝ հասկանալով ինչ մրցակցային առավելություններ և թուլություններ ունեն մեր համալսարաններն ու ինստիտուտները», - նկատեց Արմեն Աշոտյանը:

Այս վարկանիշի հիման վրա նախարարությունը ծրագրում է վերանայել պետական քաղաքականությունը՝ պետպատվերի ձևավորման սկզբունքները,  իրականացնել աջակցություն և լրացուցիչ վերահսկողություն և այս ծրագիրը իրականացնել արժանահավատ ոչ պետական կաույցի հետ համատեղ:

«Կան բուհեր, որոնք ոչ լիարժեք են լրացրել իրենց ցուցանիշները: Հատկապես Ֆրանսիական համալսարանը, որը բավականին թերի ներկայացնելով իր տվյալները՝ ներկայացված չէ բարձր տեղերում: Մի շարք բուհեր ուռճացված էին ներկայացրել իրենց ցուցանիշները, և այդ պատճառով մենք ունեինք խնդիրներ այդ տվյալների արժանահավատության առումով և վերամշակել ենք ներկայացված տվյալները՝ բխեցնելով իրական պատկերից», - խոսելով վարկանիշային ցուցակի ստեղծման ժամանակ առաջացած խնդիրների մասին` նշեց Արմեն Աշոտյանը:

2013 թվականին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեց ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգը, որի արդյունքում առաջարկված վարկանիշավորման մեթոդաբանությունը ենթարկվել է ճշգրտման և լրամշակման: ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի նպատակն է բարձրացնել բուհերի միջև մրցակցությունը և դրանց հաշվետվողականությունը, ընդլայնել բուհական համակարգի շահառուների` բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները և բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am