Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորացումը. Ռիչարդ Չառնեցկի

Armenpress 11:43, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանը, Նաիրա Կարապետյանը և Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում խոսելով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու և խորացնելու համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության նոր ուղիները:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին՝ Արտակ Զաքարյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին 2015թ.-ին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ֆորումին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները, խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից, կարևորել են ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռիչարդ Չառնեցկին նշել է, որ Եվրախորհրդարանը կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորացումը և շարունակելու է աջակցությունն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am