Թուրքական դատարանը Ֆաթուլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է ընդունել

Armenpress 22:32, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում որոշում է ընդունվել ԱՄՆ-ում բնակվող, արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենին (նուրսիստների առաջնորդն է) ձերբակալելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» թերթը: Ֆ.Գյուլենին ձերբակալելու որոշումն ընդունվել է «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու» մեղադրանքով:

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայում «զուգահեռ կառույց» կոչված գործողության շրջանակում ձերբակալվել են 27 ՙնուրսիստ՚ լրագրողներ, մամուլի աշխատակիցներ, այդ թվում` թուրքական «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն եւ Samanyolu հեռուստաալիքի տնօրեն Հիդայաթ Քարաջան, պրոդյուսեր Սալիհ Ասանը եւ ռեժիսոր Էնգին Քոչը, «գյուլենական շարժման» ներկայացուցիչներ եւ ոստիկանության նախկին պետեր: Հիդայաթ Քարաջան եւ 3 նախկին ոստիկանները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ» հանդիսանալու մեղադրանքով:

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում որպես վտարանդի բնակվող Ֆ.Գյուլենը նման մեղադրանքներով մամուլի աշխատակիցների եւ իրավապահների ձերբակալությունները ծիծաղելի է անվանել: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «զուգահեռ կառավարություն» կոչված կառույցն անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին իշխանության դեմ հակակոռուպցիոն գործողություն էր անցկացրել, ինչն այդ երկրում մեծ աղմուկի պատճառ էր դարձել: Թուրքական իրավապահ մարմիններն այդ գործողությունների ընթացքում բացահայտել էին Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործարքները: Չնայած հրապարակված աղաղակող փաստերին, Էրդողանը հանձնարարել էր ձերբակալել կամ աշխատանքից հեռացնել 500-ից ավելի իրավապահների, դատախազների եւ ոստիկանության աշխատակիցների, ովքեր մասնակցել էին կոռուպցիոն սկանդալի բացահայտմանը: Վախենալով նոր բացահայտումներից` Էրդողանը շարունակում է ՙգյուլենականների՚ որսը:Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ակնարկել էր Ֆաթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու մասին, ինչի վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ դա անհնար է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am