Քաղաքապետարանը համոզել է երթուղիներ սպասարկողներին մինչեւ հունվարի 15-ը բնականոն աշխատել

Armenpress 14:12, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը և փոխադրումներ իրականացնող ընկերությունները համաձայնության են եկել մինչև հունվարի 15-16-ը շարունակել բնականոն ուղևորափոխադրումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը` հավելելով, որ դեկտեմբերի 18-ի երեկոյան կայացած հանդիպմանը քաղաքային իշխանությունները հավաստիացրել են, որ ամեն ինչ անելու են` գազի գնի խնդրի կարգավորման համար:

«Չնչին բացառություններով մեզ կհաջողվի մինչև հունվարի 15-ը համոզել վարորդներին շարունակել աշխատանքը: Չի բացառվում, որ մի երթուղու մի քանի վարորդ ընդվզի, սակայն երեկվա նման համատարած գործադուլ չի լինի»,-ասաց Եղիազարյանը: Փոխադրողները տոներից հետո նորից կհավաքվեն և խնդիրները կներեկայացնեն քաղաքապետարանին: «Քաղաքապետարանում էլ խոստացան ականաջալուր լինել»,-նշեց նա: Միության նախագահի խոսքով՝ գործադուլ անող վարորդներ այս պահի դրությամբ չկան: Սակայն այսօր երթուղային մեքենաների շահագործումը կատարվում է ֆիզիկական մաշվածության հաշվին: Ուղեվարձի մինչև 150 դրամ բարձրացումն էլ արդեն չի բավարարելու խնդրի կարգավորման համար:

Երևանի քաղաքապետարանը հույս ունի, որ սահմանված ժամակահատվածում դրամի փոխարժեքը կկայունանա, որից հետո խնդիրն ինքնըստինքյան կարող է կարգավորվել: «Այսօրվա իրադրությունում գազի սակագնի մասին խոսելը բացարձակապես անիմաստ է, և ոչ ոք չգիտի թե մեկ ամսվա ընթացքում դոլարի փոխարժեքն ինչպես կկայունա, գազի գինը կիջնի, թե կբարձրանա: Պետք է այս ամենը կայունանա, հետո կխոսնեք այդ խնդիրների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Դոլարի արժևորման և գազալցակայաններում գազի գնի թանկացման պատճառով դեկտեմբերի 17-ին, ապա նաև 18-ի առավոտից մի քանի տասնյակ երթուղու վարորդներ գործադուլի են դուրս եկել և հրաժարվել ուղևորափոխոդրումներ կատարելուց: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով, 1 խմ գազի գինն այդ օրերին շրջաններում կազմում էր 170-180 դրամ, իսկ Երևան քաղաքում 230-250 դրամ: Միության նախագահը որպես խնդրի լուծման օպտիմալ տարբերակ քաղաքապետարանին առաջարկում էր գազը, դիզվառելիքը և պահեստամասերը երթուղայիններին վաճառել Հայաստան մտնող գնով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am