ԵՄ-ն Հայաստանում ևս 10 մլն եվրոյի ծրագիր կիրականացնի

Armenpress 17:38, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կնպաստի Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական մարմինների, կառավարության բարեփոխումներին: Այդ նպատակով Եվրամիությունը հայաստանյան 15 կազմակերպությունների կտրամադրի 10 մլն եվրո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եվրամիության պատվիրակության գրասենյակում համապատասխան պայմանագրերի դեկտեմբերի 18-ին կայացած ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց, որ Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են մնալ գործընկերներ եւ այս գումարը 2014-2017թթ համար նախատեսված ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրերի մի մասն է:

«ԵՄ-ն հանձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով: ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների բարեփոխումներին, սկսնակ եւ գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու գյուղատնտեսության նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը»,- ասաց Հրիսթեան` հավելելով, որ նոր պայմանագրերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը:

Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական եւ տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, եւ հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում եւ Ոսկեվանում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am