Ճապոնիայում մշակված դաշնամուրը կարելի Է նվագել առանց ձեռքերի

Armenpress 16:48, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի մասնագետները մշակել են եզակի համակարգ, որը թույլ է տալիս դաշնամուր նվագել՝ ձեռքերով չդիպչելով ստեղներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցներին:

Նվագելուց առաջ դաշնակահարը պետք Է դնի հատուկ ակնոց, որը զգայուն տվիչների միջոցով հետեում է աչքերի շարժումներին: Նվագողն իր առջեւ տեսնում Է ստեղները, որոնք ոչ թե մեկ առանձին նոտա են, այլ ամբողջ ակորդ, եւ պետք է փոփոխակի կերպով նայի դրանց, որպեսզի դրանք հնչեն: Այս մեթոդն առայժմ թույլ Է տալիս հնչեցնել միայն ակորդներ, այլ ոչ թե մեղեդի, բայց բավական Է ոչ բարդ երգերի նվագակցության համար: 

Դեկտեմբերի 18-ին Տոկիոյի դպրոցներից մեկում սարքի ցուցադրության ընթացքում 17-ամյա աշակերտը դպրոցական երգչախմբի նվագակցությամբ «առանց ձեռքերի» կատարել Է Սուրբծննդյան Joy to the World օրհներգը: Ցուկուբայի համալսարանում հուսով են, որ իրենց մշակումը թույլ կտա երաժշտական գործիք նվագել նրանց, ովքեր նախկինում նման հնարավորություն չեն ունեցել. օրինակ՝ հաշմանդամներին:

Մասնագետները նաեւ հայտնել են, որ մոտ ժամանակներս պատրաստվում են ստեղծել համանման համակարգ, որը թույլ կտա նվագել այլ գործիքներ, մասնավորապես, կիթառ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am