Կառավարությունը հաջորդ տարի կլուծի Գյումրիի անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները

Armenpress 18:09, 3 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում Գյումրիում 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումը և գալիք տարի էական քայլեր կձեռնարկի դրանց լուծման ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Մենք վերջնական հաշվարկ ենք իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ  Գյումրիում աղետի հետևանքով անօթևան մնացած 430 ընտանիք կա: Կառավարությունն արդեն շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դոլար է հատկացրել, որպեսզի մինչև 2015թ. հունիս 215 ընտանիք ստանա բնակարան, իսկ տարվա մյուս կեսի ընթացքում կլուծվեն մյուս 215 ընտանիքների բնակարանային խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ դրանից հետո կառավարությունը կլուծի Շիրակի մարզի գյուղական համայնքներում 260 ընտանիքների, ինչպես նաև Լոռու մարզի շուրջ 200 ընտանիքների բնակարանային խնդիրները:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը՝ Գյումրիում վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններ հատկացնելու վերաբերյալ՝ Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ վթարային շենքերի  բնակիչների հետ կապված խնդիրները ֆինանսական լուրջ ռեսուրսներ են պահանջում: Նախարարը նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ նոր ճանապարհներ է որոնում՝ այդ խնդրիների լուծումը կապելով ներդրումային ծրագրերի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am