Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները բարձրացրել են մարտական պատրաստության ինտենսիվությունը

Armenpress 12:51, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայում ամփոփվել են 2014 թվականին մարտական պատրաստության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, չորրորդ սերնդի Միգ-29 ժամանակակից թեթեւ կործանիչների օդաչուների թռիչքների ընդհանուր տեւողությունը  կազմել Է ավելի քան 1000 ժամ: ՀՌՕ-ի օդանավակայաններում ուղղաթիռների Էսկադրիլիայի թռիչքների ընդհանուր տեւողությունը կազմել Է ավելի քան 550 ժամ, կատարվել Է ավելի քան 190 թռիչք: Կործանիչներով եւ Մի-8, Մի-24 եւ Մի-35 ուղղաթիռներով թռիչքների 40 տոկոս իրականացվել Է սահմանափակ տեսանելիության պայմաններում եւ գիշերային ժամերին:

Անցկացվել են տարբեր աստիճանի բարդության 40-ից ավելի թռիչքային մարտավարական վարժանքներ, այդ թվում՝ բազային մարտավարական վարժանքներ Կամխուտ եւ Ալագյազ բարձրլեռնային զորափորձարաններում, եւ համատեղ վարժանքներ ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի հետ: Իրականացվել են 500-ից ավելի ուսումնական օդային մարտեր, օդային թիրախների վրա գրոհի նմանակումներ:

«Անցած ուսումնական տարվա համեմատությամբ ռուսական ռազմական ավիաբազայի ստորաբաժանումների մարտական պատրաստության ինտենսիվությունը բարձրացել Է միջինը 20 տոկոսով»,-հայտնել Է ավիացիոն միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը:

Հաջորդ տարի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Երեւանում ռուս օդաչուներն իրենց վարպետությունը կցուցադրեն զույգերով եւ սինքրոն թռիչքների, ինչպես նաեւ բարձրագույն պիլոտաժի ֆիգուրների կատարմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am