Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը նախարար Նալբանդյանի ելույթին վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին. Տիգրան Բալայան

Armenpress 18:58, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը վկայում է նրանց մոտ փաստերի իսպառ բացակայության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը նախարար Նալբանդյանի՝  Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթին խոսում է փաստերի իսպառ բացակայության մասին»,- գրել է Բալայանը:

ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով, որի ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: 

Նա նշել է, որ առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված է եղել դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու համար խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։ 

Նալբանդյանը նկատել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ է դարձնում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանն իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը` օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև: Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am