ԱՊՀ-ի երկրների մասնագետները քննարկում են ԽՍՀՄ-ի պատմության նոր մեկնաբանությունները

Armenpress 12:05, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության մոսկովյան ինստիտուտում նոյեմբերի 27-ին տեղի կունենա միջազգային գիտական «կլոր սեղան»՝ նվիրված ժամանակակից գիտական դիսկուրսում ԽՍՀՄ-ի պատմության տեղին, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների պատմության ինստիտուտների ղեկավարների՝ ԱՊՀ-ի երկրների պատմության ինստիտուտների միջազգային ասոցիացիայի անդամների նիստը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ԱՊՀ-ի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի մասնագետները:

Պատմաբանները կհամադրեն խորհրդային անցյալի ժամանակակից գնահատականները հետխորհրդային տարածքի տարբեր երկրների պատմագիտության մեջ եւ կրթության ոլորտում: Ինստիտուտների ղեկավարները կքննարկեն 2015 թվականին Ասոցիացիայի գործունեության ծրագիրը, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրների երիտասարդ պատմաբանների միջազգային ամառային դպրոցի անցկացումը եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված խոշոր միջազգային գիտական խորհրդաժողովի կազմակերպումը:

Կազմակերպիչների կարծիքով՝ Ռուսաստանի եւ մերձավոր արտերկրի պատմաբանների ներկայիս հանդիպումը մեծ նշանակություն ունի գիտական միջավայրում բարյացակամ եւ կառուցողական մթնոլորտը պահպանելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am