Նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությունը կշարունակվի

Armenpress 18:11, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մեկ տարով կերկարաձգի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի ներմուծված նորածնային շնչառական դիագնոստիկ սարքի նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի  ժամկետը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ը «Fisher & Paykel» ընկերության հետ կատարում է գիտահետազատոկան աշխատանքներ` ուղղված նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությանը:

«Երկու կազմակերպությունների համատեղ հետազոտությունները շարունակվում են, սակայն, համաձայն մաքսային ընթացակարգերի` սարքավորումների «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի  ժամկետը լրանում է ս.թ. 2015 թ. հունվարի 13-ին: Նկատի ունենալով այդ հանգամանքը` Ընկերությունը սահմանված կարգով դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել նշված հետազոտությունների համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված դիագնոստիկ սարքավորումների համապատասխան ռեժիմի ժամկետը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է նախագծի հիմնավորման մեջ:    

Հաշվի առնելով կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը՝  առաջարկվում է դրական լուծում տալ խնդրին: Ակնկալվում է, որ առողջապահական ծրագրային միջոցառումների իրականացման միջոցով կուժեղացվեն մոր և մանկան առողջության պահպանման համակարգում կանխարգելիչ ծրագրային ուղղությունները, կբարելավվի մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում տրամադրվող բուժօգնության որակը ու հասանելիությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am