ԵՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից

Armenpress 14:52, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից:

 Այս մասին Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, թե հաշվարկվե՞լ են, արդյոք, սցենարները, թե ինչպիսին կլինի Հայաստանի և Արցախի ապագան, երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է և կարող է կոլապսի ենթարկվել: «Ես լավատես եմ, ավելի լավատես եմ լինելու: Մենք, Եվրասիական տնտեական միությանը անդամակցելու որոշումը կայացնելով, հաշվի ենք առել բոլոր մարտահրավերները: Եթե ձեզ համար առանձին նուրբ հարցեր կան, ես պատրաստ եմ այդ նուրբ հարցերի մասին առանձին խոսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը չհամաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, թե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի  և Արցախի ապագան բևեռացումն է: Նա ընդգծեց, որ Հայաստանի և Արցախի ապագան ոչ թե բևեռացումն է, այլ համագործակցությունն է և երկխոսությունը: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը պահպանում է ԵՄ-ի հետ հարաբերություններ և կարող է կամուրջ լինել ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների համագործակցության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am