Հայաստանի ամենախոշոր հարկատուն կրկին «Գազպրոմ Արմենիա»-ն է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿ

Armenpress 15:04, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը 2014թ. ինն ամսվա արդյունքներով շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հունվար-սեպտեմբերին այն պետբյուջե է վճարել շուրջ 30 մլրդ 188 մլն դրամ հարկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել «Ղ-Տելեկոմ» ընկերությունը` 22 մլրդ 150 մլն դրամ վճարված հարկերով, իսկ երրորդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որն ինն ամսում վճարել է 15 մլրդ 752 մլն դրամ հարկ:

Խոշոր հարկատուների ցուցակի 4-10-րդ տեղերը զբաղեցրել են «Արմենիա տելեֆոն կոմպանին»՝  12 մլրդ 882 մլն դրամ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 12 մլրդ 782 մլն դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ 9 մլրդ 727 մլն դրամ,«Ֆլեշ» ընկերությունը՝ 8 մլրդ 997 մլն դրամ, Գրանդ Տոբակո հայ-կանադական ընկերությունը՝ 7 մլրդ 259 մլն դրամ, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ը՝ 7 մլրդ 68 մլն դրամ, Երեւանի կոնյակի գործարանը՝ 5 մլրդ 131 մլն դրամ վճարված հարկերով:

Խոշոր հարկատուների ցուցակում են նաև Հայաստանի ԱԷԿ-ը, «Ինթերնեյնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, «Ամերիաբանկ»-ը, «Օրանժ Արմենիա» ընկերությունը և այլն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am