Որոնվում է երևանյան սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը

Armenpress 17:47, 24 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ,  ապա կոտրելով բացել  սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:

Դեպքի առթիվ 2014թ.  հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քննության ընթացքում «Կիվի» սուպերմարկետից ստացվել է դեպքի տեսագրությունը: Տեսագրությունում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները այդ մասին կարողեն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am