Ադրբեջանում նավթահանքի պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել

Armenpress 13:31, 24 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթի Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող Կասպից ծովում գտնվող «Նարիմաննեֆտ» նավթագազային արդյունահանման ընկերության թիվ 441 հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով SOCAR-ի երեք աշխատակիցներ զոհվել են, մեկն անհայտ կորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հանքահորի հարթակի կառուցվածքը փլուզվել եւ ընկել է 700 մմ տրամագծով գազատարի վրա, ինչը վնասել է այն եւ հրդեհ առաջացրել:

Միջադեպի պահին հարթակի վրա գտնվել են 41 նավթագործներ, որոնցից 37-ին հաջողվել է էվակուացնել: Չորս բանվորներ համարվում էին անհայտ կորած, սակայն այսօր SOCAR-ը եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` նշելով, որ հայտնաբերվել են վթարի արդյունքում մահացած երեք բանվորների մարմինները: Նրանց մարմինները փրկարարները գտել են ծովի հատակին եւ դուրս բերել ափ: Եւս մեկ անհայտ կորած աշխատակցի որոնումները շարունակվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am