Հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

Armenpress 17:41, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը  «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար ստացել  հատուկ դիպլոմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ.-ի հոկտեմբերի 12-21-ը Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում,  որին, ի թիվս Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թայլանդի, Ուկրանիայի, Իրանի, Ղազախստանի և Մոսկվայի մարզի թիմերի, մասնակցել է նաև Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը: Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական և դիտողական:

Այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ  Ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ Ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:

Ընդհանուր առմամբ, անկախության տարիներին  Հայաստանի դպրոցականներն աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am