Իրաքի Քերբալա քաղաքում ահաբեկչություններից տասնյակ մարդիկ են տուժել

Armenpress 19:26, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Քերբելա քաղաքում հոկտեմբերի 20-ին 2 ականապատ մեքենաներ են պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով` զոհվել է 13, վիրավորվել` 40 մարդ: Շիաներով բնակեցված շրջաններում 2 ականապատ մեքենաների պայթյուններին հետևել են 3-րդ և 4-րդ պայթյունները: Տեղեկություններ կան, որ 4-րդ պայթյունից 7 մարդ զոհվել է, ևս 15-ը` վիրավորվել: Քերբերլա քաղաքը գտնվում է Բաղդադից 100 կմ հեռավորության վրա:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ իր երկիրը բավարար օգնություն չի ստանում միջազգային հանրությունից: Նա ավելացրել է, որ ցուցաբերվող օգնությունը չի համապատասխանում իրենց սպասելիքներին, և  հավաստիացրել, որ ողջ աշխարհը Իրաքի կողքին է` ահաբեկչության դեմ պայքարում:

Իրաքում իրավիճակն առավել լարված է Նինվե և Անբար մարզերում, որոնք գտնվում են Սիրիայի սահմանի մերձակայքում:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է` սպառնալիք է ներկայացնում Իրաքի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները արդեն մեկ ամիս է` պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am