Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Պեկինի միջազգային բարեգործական տոնավաճառին

Armenpress 14:48, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Պեկինում հոկտեմբերի 19-ին անցկացվել է միջազգային ամենամյա բարեգործական տոնավաճառ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, «Սերը սահման չի ճանաչում» խորագրով միջոցառմանը ներկա են եղել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, ով միջոցառման հիմնական կազմակերպիչն է, բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: 

Տոնավաճառին Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով, որտեղ ներկայացված են եղել հայկական արտադրության ապրանքատեսակներ, բազմատեսակ մշակութային հուշանվերներ, հայկական երաժշտության ձայնագրություններ, ազգային ուտեստներ, գրքեր և այլ տպագիր նյութեր Հայաստանի մասին, որոնց վաճառքից գոյացած գումարն ամբողջովին փոխանցվել է տոնավաճառի կազմակերպիչներին:

Տոնավաճառից ստացված հասույթը կօգտագործվի Չինաստանի Կույճոու նահանգի անապահով շրջանների սրտի արատ ունեցող երեխաների բուժման նպատակով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am