Ադրբեջանում կարող են անարգել գործել միայն չինովնիկների կազմակերպությունները

Armenpress 12:37, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանը օրենսդրության մեջ ոչ կառավարական կազմակերպությունների գործողությունները սահմանափակող փոփոխություններ է մտցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով minval.az լրատվական կայքը, ադրբեջանցի լրագրողների «Ենի նեսիլ» միավորման ղեկավար Արիֆ Ալիեւն այդ առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանում կարող են անարգել գործել միայն չինովնիկների կողմից ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունները:

Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանը լրացումներ է կատարել «Ոչ կառավարական կազմակերպությունների մասին» (հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների), ինչպես նաեւ «Դրամաշնորհների մասին» օրենքներում: «Ոչ կառավարական կազմակերպությունների մասին» նոր օրենքում ասվում է, որ արտասահմանյան դոնորը կարող է դրամաշնորհ հատկացնել միայն այդ կամ այլ նախագծի «ընդունելի լինելու» մասին գործադիր իշխանության կողմից եզրակացություն ստանալուց հետո:

Արիֆ Ալիեւի կարծիքով` այդ օրենքի ընդունումից հետո ոչ կառավարական անկախ կազմակերպությունների` արտասահմանյան դոնորներից դրամաշնորների ստացումը խիստ բարդացվում է: «Ադրբեջանում կարող են անարգել կերպով գործել միայն իրենց` չինովնիկների կողմից ստեղծված ոչ կառավարական կազմակերպությունները», -կայքին ասել է Արիֆ Ալիեւը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am