Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորման հանձնառությանը

Armenpress 11:22, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողի հարցին ի պատասխան նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը:

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրաոգրողներից մեկը նշել է, թե ֆրանսիացի քաղաքապետերի այցը Լեռնային Ղարաբաղի տարածք մեծ անհանգստություն է առաջացրել որոշ շրջանակներում և հարցրել Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը խնդրի առնչությամբ:  «Ֆրանսիայի տեղական իշխանությունների նախաձեռնությունը, որի մասին դուք նշեցիք, չի փոխում Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` Ֆրանսիան լիովին նվիրված է հակամարտությանը քաղաքական և դիվանագիտական լուծում գտնելու գործին»,- ասել է խոսնակը` միաժամանակ հիշեցնելով, որ Երևան և Բաքու կատարծ այցի ժամանակ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր հայ և ադրբեջանցի գործընկերներին առաջարկել է աշնանը հանդիպում կազմակերպել Փարիզում` քննարկելու սառեցված հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները:

Մինչ փարիզյան հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել են օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահի հրավերով եւ սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am