ՀՀ-ն Կարեն Պետրոսյանի գործով միջազգային ատյաններից կպահանջի իրավական գնահատական

Armenpress 18:57, 14 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 14  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից գերեվարված եւ սպանված` Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դին համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ է անցել: Արդյունքների պարզ դառնալուց հետո Հայաստանը կձեռնարկի միջոցառումներ կատարվածին համապատասխան գնահատական տալու առնչությամբ: «Դատաբժշկական փորձաքննության արդյուքններից հետո Հայաստանում եւ միջագային կառույցներում հարց կբարձրացվի կատարվածին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` նշեց Սեյրան Օհանյանը:

Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր օգոստոսի 7-ին եւ գերի ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցեցին, որ անհասկանալի պայմաններում Պետրոսյանի մոտ գրանցվել է սրտի կանգ: Մահից 2 ամիս անց` հոկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Կարեն Պետրոսյանի մարմինը:

Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են:  2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույց էր տալիս հեռուստաընկերության աշխատակցին։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին, փոխարենն` Ադրբեջանին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:

2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ: Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը` Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am