Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ Վերին Լարսում իրավիճակը վերահսկվում է

Armenpress 18:08, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ Հայաստանի ու Վրաստանի համապատասխան իշխանություններն ամենօրյա ռեժիմով աշխատանքի արդյունքում վերահսկում են իրավիճակը Վերին Լարսում: Այս մասին հայտնեց նախարարը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Այն, ինչ կատարվում է Լարսում, Հայաստանի և Վրաստանի համար մեծ խնդիրներ է առաջացնում: Իրենց հետ աշխատում ենք ամենօրյա ռեժիմով: Այս պահին մեքենաներն անցնում են, հերթագրվում են, քանի որ անձրևային է եղանակը, և ամեն պահին կա վտանգ, որ կարող է ճանապարհը փակվել: Վրաստանի մեր գործընկերներն անում են այնպես, որ ճանապարհն անցանելի դարձնեն ու մարդկային զոհեր չլինեն»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:

Նախարարն ավելացրեց, որ իրենք պատարստակամություն ենք հայտնել ամեն ինչով օժանդակելու վրացի գործընկերներին` հաշվի առնելով նաև, թե ինչ մեծ կարևորություն ունի Վերին Լարսի ճանապարհը Հայաստանի համար: «Բնական աղետների դեմ պայքարը շատ դժվար է, այս պահին, երբ այդ վիճակով ճանապարհն աշխատում է, մեր և Վրաստանի քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Հարցին ի պատասխան` հնարավոր է կառավարությունը միջնորդի, որ Վերին Լարսում աշխատանքային ժամերն ավելանան (ներկայում այն գործում է 7:00-19:00), Գագիկ Բեգլարյանը նշեց. «Դա իրենց անձնական կամքը չէ, որ մինչ 19:00-ն են աշխատում: Աստված չանի, որ գիշերային ժամերին որևէ դժբախտ դեպք պատահի, այդ դեպքում մարդկանց չեն կարող փրկել»,-հավելեց նախարարը` նշելով, որ 300-400 տոննա քարեր են վայր ընկնում ու փակում ճանապարհը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am