Քաղաքապետարանը նվերներ է մատուցել երևանաբնակ մեկ դարը բոլորած 22 տարեցների
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում Տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 և ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին և Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության և հոգատարության համար՝ տարեցները, նրանց զավակներն ու հարազատները նկատել են, որ թեև ենթադրել անգամ չէին կարող նման անակնկալ, նվերներն իսկապես խիստ անհրաժեշտ են և, մասնավորապես, էլեկտրատեխնիկան էապես կթեթևացնի իրենց առօրյա կենցաղային հոգսերը:
Ծրագիրն իրականացվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ «Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում: Ծրագրում ընդգրկված մեկ դարը բոլորած քաղաքացիների թվում են նաև Ցեղասպանությունը վերապրածները: