Աֆղանստանը եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել անվտանգության ապահովման մասին
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլի նախագահական պալատում սեպտեմբերի 30-ին տեղի Է ունեցել անվտանգության ապահովման շուրջ Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի վարչակազմի ներկայացուցիչը:
Պայմանագրի կնքումը, որը սահմանում է ամերիկյան զորքերի կարգավիճակը եւ նախատեսում Է Վաշինգտոնի կողմից Աֆղանստանի տարածքում սահմանափակ զորակազմի պահպանումը 2014 թվականի վերջին ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի դուրսբերումից հետո, տեղի Է ունեցել Ահմադզայի երդմնակալության արարողությունից մեկ օր հետո եւ փաստորեն դարձել հանրապետության ղեկավարի առաջին ինքնուրույն որոշումը:
Կողմերը նախընտրել են մեծ ուշադրություն չգրավել այդ իրադարձության վրա: Ուստի արարողությանը Աֆղանստանը ներկայացրել Է նախօրյակին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակված ներքին գործերի նախկին նախարար Խանիֆ Աթմարը: Ամերիկյան վարչակազմի անունից հանդես Է եկել Քաբուլում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Կանինգենը: Ենթադրվում Է, որ մոտ ժամանակներս համանման համաձայնագիր կստորագրվի նաեւ ՆԱՏՕ-ի հետ:
Մայիսի վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել Էր Աֆղանստանից ամերիկյան ուժերի վերջնական դուրսբերմանը ձեռնամուխ լինելու որոշման մասին: Ենթադրվում Է, որ այդ երկրում ԱՄՆ-ի զինծառայողների թիվը մինչեւ 2015 թվականի սկիզբը կկրճատվի մինչեւ 9,8 հազար, այնուհետեւ մեկ տարվա ընթացքում կնվազի եւս մոտավորապես երկու անգամ, իսկ 2016 թվականի վերջին այնտեղից կհեռանան վերջին զինվորներն ու սպաները: Ներկայում ԱՄՆ-ը Աֆղանստանի տարածքում պահպանում Է իր մոտավորապես 30 հազար զինծառայողների, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: