ԱԺ-ն ընդունեց կարգազանց պատգամավորների մասին օրենքի նախագիծը

Armenpress 12:25, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորի կողմից ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը սահմանել որպես զանցանք և պատժել կարգազանց պատգամավորներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝4, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորը կհամարվի կարգազանց և դրա համար կպատժվի: Սեպտեմբերի 29-ին կայացած քննարկումների ժամանակ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հիմնականում դրական էին արտահայտվել օրենքի նախագծի մասին: Ելույթ ունեցող պատգամավորները հիմնականում նշում էին, որ օրենքի նախագիծը որոշակի փոփոխությունների ենթարկելուց հետո ընդունելի կլինի:

«ԱԺ կանոկակարգ» օրենքի հոդվածի համաձայն՝ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստերի ընթացքում աղմկում են, օգտագործում են վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվում նիստը վարողի պահանջներին: Նախագծով առաջարկվում է կարգազանց պատգամավորների շարքը դասել նաև ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am