Ռումինիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար է տեղադրվել

Armenpress 21:26, 27 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Պիտեշտ քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռումինիայի Պիտեշտ քաղաքի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: «Աստծու ողորմությամբ Ռումինիայի Պիտեշտ քաղաքում տեղադրվեց մեր տիրախնամ թեմի առաջին խաչքարը Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- գրել է նա:

Ռումինիայում հայկական արմատներով բնակչության թիվը 7,5-10 հազար է, որից 5 հազարը հայկական ծագման մասին հիշողությունը վառ պահած տրանսիլվանահայության ձուլված շառավիղներ են։ Հայերը կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաք Բուխարեստում, Կոնստանցա և Պիտեշտ քաղաքներում, հայաբնակ են նաև Սուչավա, Յաշ, Տրանսիլվանիայի Գեռլա, Գեորգե և Դումբրավե քաղաքները։ Ներկայում հայերի թիվը Ռումինիայում նվազման միտում ունի, քանի որ հայ երիտասարդները մեծ մասամբ տեղափոխվում են Արևմտյան Եվրոպայի երկրներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am