Բեն Լադենի փեսան դատապարտվել է ցմահ ազատազրկման

Armenpress 20:08, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու-Յորքի Մանհեթըն շրջանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա բեն Լադենի փեսային` Սուլեյման Աբու Գեյտային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս տարվա մարտին 48-ամյա քուվեյթցին մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի քաղաքացիներին սպանելու դավադրության, ինչպես նաև ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Շրջանային դատավոր Լյուիս Կապլենն ընդգծել է, որ Աբու Գեյթն այդպես էլ չի ընդունել իր համագործակցությունն ահաբեկիչների հետ: «Իմ կարծիքով` Դուք պատրաստ եք գնալ ամեն ինչի, որպեսզի աջակցեք «Ալ-Քաիդա»-ին` իրականացնելու իր օպերացիաները, որոնց նպատակն է սպանել ամերիկացիներին»,-  «Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ` ասել է Կապլանը` դիմելով մեղադրյալին:

Հետաքննության արդյունքներով` Աբու Գեյթը հանդես է եկել «Ալ-Քաիդա»-ի պաշտոնական ներկայացուցչի դերում, մասնավորապես, մասնակցել է գովազդային տեսահոլովկների ստեղծմանը` ուղղված ահաբեկիչների շարքերը նորակոչիկներով հավաքագրելուն:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am