NASA-ն Արկտիկայում սառույցների մակերեսի նոր կրճատում է արձանագրել

Armenpress 10:52, 23 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արկտիկական սառույցների մակերեսն այս տարի կրճատվել է մինչեւ 5,02 մլն քառակուսի կիլոմետր՝ ամենացածր ցուցանիշներից մեկն արձանագրելով տիեզերական ապարատների օգնությամբ այդ տարածաշրջանների գիտական դիտարկումների ողջ 36-ամյա պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են NASA-ն եւ Կոլորադոյի նահանգի համալսարանին առընթեր սառույցների եւ ձյան վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնը:

Օգտագործելով տիեզերքից ստացված նկարահանումները՝ ամերիկացի մասնագետները հաշվել են, որ սեպտեմբերի 17-ի դրությամբ Արկտիկայում սառույցների մակերեսը փոքր-ինչ կրճատվել է 2013 թվականի համեմատությամբ: Սակայն այն, ինչպես եւ անցյալ տարի, շատ ավելի փոքր է 6,22 մլն քառակուսի կիլոմետր միջին ցուցանիշից, որը գրանցվել է 1981-2010 թվականներին:

Գիտնականներն այն կարծիքին են, որ Արկտիկան տասնամյակի ընթացքում կորցնում է իր սառույցի մինչեւ 13 տոկոսը: Այդ միտման գլխավոր պատճառը գլոբալ տաքացումն է, որը, բազմաթիվ մասնագետների կարծիքով, պայմանավորված է «ջերմոցային էֆեկտով»՝ մթնոլորտ ածխաթթվային գազի արտանետման հետեւանքներով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am