Սիրիահայերի խնդիրը առանցաքային տեղ է զբաղեցնում մեր օրակարգում. Էդվարդ Նալբանդյան

Armenpress 12:59, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում սիրիահայության անվտանգության և Սիրիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մեր աշխատանքներում մենք հաշվի ենք առնում մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները: Տեղյակ եմ, որ դուք քննարկել եք սիրիական ճգնաժամի հետևանքով ծանր դրության մեջ հայտնված սիրիահայերի խնդիրը: Այդ հարցը մեր օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նալբանդյանը:

Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող, ծայրահեղ իսլամիստների կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ իրականացվող զանգվածային ոճրագործություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում և միջազգային կազմակերպություններում բարձրարցել է միջազգային հանրության կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին հարցը: «Այդ նպատակով սեպտեմբերի 1-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում մեր մասնակցությամբ մշակվել և ընդունվել է համապատասխան բանաձև»,- նշեց Նալբանդյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am