«Երկրները մեկ հարկի տակ» ծրագրի շրջանակում անցկացվել է գործնական հանդիպում

Armenpress 21:32, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-փառատոնի շրջանակում Երևան ժամանած գործարարների խմբի հետ հանդիպմանը Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, ներկայացրել է մայրաքաղաքի ներդրումային առաջնահերթություններն ու հեռանկարները` նշելով, որ քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է աջակցել քաղաքային տնտեսության զարգացմանն  ուղղված նախաձեռնություններին ու գործնական առաջարկներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության Տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը հակիրճ անդրադարձել է Երևանում զբոսաշրջության  զարգացման հեռանկարներին` ընդգծելով, որ զբոսաշրջությունը թեև մայրաքաղաքի նոր զարգացող ուղղություններից է, սակայն մեծ ներուժ և հեռանկար ունի:  «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման գործում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները և այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  հյուրերը ներկայացրել են Երևանում գործարարությամբ զբաղվելու իրենց  ուղղությունների մասին: Հանդիպմանը ներկա ֆրանսահայ գործարար Հակոբ Կոշեցյանը նշել է, որ հատկապես տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Երևանի նկատմամբ հետաքրքրությունների  շրջանակը մեծ է: Համագործակցության կոնկրետ ուղղությունների մասին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու գործարարները  պայմանավորվել են խոսել  նաև սեպտեմբերի 20-ին բացվող «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-փառատոնի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am