Ավելանում է պրոֆեսիոնալ զինծառայող դարձող հայ աղջիկների թիվը

Armenpress 17:40, 19 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ աղջիկները լցված են հայրենասիրությամբ և պատրաստ են ծառայել հայրենիքին: Այս մասին ԵՊԼՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

«Այս տարի Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտն ունեցել է իգական սեռի երեք շրջանավարտ, ովքեր կապավորներ են: Բացի այդ, այս տարի իգական սեռի յոթ ներկայացուցիչներ ընդունվել են Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտ՝ դառնալու մոտոհրաձիգներ: Յոթն էլ ընդունվել են Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ՝ կապի և հակաօդային պաշտպանության գծով մասնագետ դառնալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արա Նազարյանը:

Նրա խոսքով՝ աղջիկները որոշակի առավելություններ կունենան: Նրանք կընտրեն այն վայրը, որտեղ կցանկանան ծառայել: «Ողջունելի է, որ նրանք ցանկացել են դառնալ պրոֆեսիոնալ զինվորական: Մեր զինված ուժերն ազգային են: Անգամ այս պարագայում իգական սեռը ևս լցված է հայրենասիրությամբ»,- հավելեց նա:

Պաշտպանության նախարարի տեղակալն ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այժմ  մշակում է օրենքի նախագիծ՝ ռազմական կրթության վերաբերյալ: «Ռազմական ուսումնական հաստատությունները փորձելու ենք ինտեգրել ընդհանուր կրթական համակարգի մեջ: Նախագիծը շրջանառության մեջ է, կներկայացվի կառավարություն, այնուհետև ԱԺ»,- նշեց նա:

Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության դրվածքի բարելավաման ասպարեզում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող աշխատանքները կանոնակարգվում են ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին»  1999 թվականի օգոստոսի 25-ի համար 532 որոշմամբ: ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների «ՀՀ զինված ուժերի զորամասերի և հանրակրթական դպրոցների միջև կապերն ամրապնդելու, դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարելավելու մասին» 2008 թվականի դեկտեմբերի 19-ի համար 1606 համատեղ հրամանով հաստատվել է ՀՀ ՊՆ համակարգի զորամասերին հանրակրթական դպրոցների կցագրման ցանկը:  ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն տարի մեծ աջակցություն է ցուցաբերում հանրակրթական դպրոցների ռազմագիտության դասասենյակների կահավորմանը և ուսումնանյութական բազայի հարստացմանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է հատկացնում ՀՀ ՊՆ հրատարակած շուրջ 3500 միավոր ռազմահայրենասիրական բովանդակության գրականություն և ֆիլմերի խտասկավառակներ: Այս նպատակով ՀՀ զինվորական կոմիսարիատի և ՀՀ ԿԳՆ հետ համատեղ նույնաբնույթ օժանդակություն է ցուցաբերվել նաև հանրապետությունում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման 40 հենակետային դպրոցներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am